20 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանի քրեակատարողական հաստատություններում վերացել է գերծանրաբեռնվածությունը: Այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ-ում 2014թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Մենք ցանկանում ենք համագործակցել քաղաքական բոլոր ուժերի հետ: Սակայն երբ համագործակցության ձեռք ես մեկնում, քեզ բռունցք են դեմ անում: Այո, քննադատության առիթներ կան: Սակայն մի՞թե չի կարելի տեսնել այն լավ բաները, որն արել եւ շարունակում է անել կառավարությունը: Դրա փոխարեն վերացական խոսքեր են հնչում, իբր կառավարությունում կաշառակերներ եւ գողեր են նստած: Ահա ձեր առաջ այժմ այդ կառավարության ներկայացուցիչն է», – նշել է նախարարը:
Խոսելով իր բնագավառի մասին՝ նա ընդգծել է, որ Երեւանը աշխարհում վերջին տեղերում է փողոցային, այդ թվում նաեւ մանկական հանցավորության գծով: «Երկրորդը, հարգելի ընկերներ, 20 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանի քրեակատարողական հաստատություններում վերացել է գերծանրաբեռնվածությունը: Մեր քրեակատարողական համակարգում կա 4300 մահճակալ, իսկ բանտարկյալները եւ կալանավորները 4000-ն են: Մի՞թե դա էլ չի կարելի տեսնել»:





























