Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի 12 կողմնակիցներ 17 տարի ազատազրկման են դատապարտվել՝ Ալ Ազհար համալսարանում բողոքի ակցիայի մասնակցելու համար:

Ինչպես ВВС-ի Ռուսական ծառայությունն է հաղորդում, նրանց բանդիտիզմի եւ համալսարանի վարչական շենքի վրա հարձակման մեջ մեղավոր են ճանաչել: «Մահմեդական-եղբայրների» կայքում հաղորդվում է, որ բոլոր դատապարտյալները համալսարանի ուսանողներ են:

Հիշեցնենք, որ ոստիկանների ու իսլամիստների միջեւ բախումները տեղի են ունեցել հոկտեմբերի 30-ին Ալ Ազհար իսլամիստական համալսարանի տարածքում:

Եգիպտոսում ճգնաժամը խորացել է նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո՝ հուլիսի երեքից: Ներկայումս նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է Բարձրագույն սահմանադրական դատարանի ղեկավար Ադլի Մանսուրը: