Հայաստանի կանաչների միության նախագահ Հաբոկ Սանասարյանը Թեղուտի հարցով բաց նամակ է հղել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:
Ստորեւ ներկայացնում ենք բաց նամակը…
«Հարգելի Դեսպան, սույն թվի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Կանաչների միությունը Ձեզ էր դիմել այն հարցով, թե իրո՞ք ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակը 2006 թ. կողմ է եղել Թեղուտի հանքավայրի շահագործմանը, թե՞ դա «Vallex Group»-ի հորինածն է: Մեզ համար անսպասելի, ստացանք ոչինչ չասող պատասխան` Թոմաշ Դեմբսկի (Tomasz Dembski-Economic and Environmental Officer) ստորագրությամբ:
Պարոն Թոմաշ Դեմբսկին պատահականորեն, թե գիտակցաբար, մեր ոչ մի հարցին չի պատասխանել: Պատասխան նամակը հիմնականում Հելսինկյան Ակտից հղումներ են: Սակայն ընդհանուր նամակի բովանդակությունից կարելի է հասկանալ, որ ԵԱՀԿ-ն Թեղուտի հանքավայրի շահագործմանը կողմ է:
Ահա պարոն Թոմաշ Դեմբսկիի պատասխանն առանց Հելսինկյան Ակտի հղումների. «Ինչ վերաբերում է Ձեր նամակում /10 հոկտեմբերի, 2013/ նշված խնդրին առ այն, որ 2006 թ. հոկտեմբերի 12-ին ԵԱՀԿ ներկայացուցիչը կարծիք է արտահայտել Թեղուտի ընդերքշահագործման ծրագրի հանրային լսումների ժամանակ, ապա սիրով տեղեկացնում եմ, որ արտահայտված կարծիքը ԵԱՀԿ հիմնարար փաստաթղթի՝ Հելսինկյան ակտի մեջ նշված դրույթների շնչեցումն է ռեսուրսների խելամիտ օգտագործման ու բնության պաշտպանության մասին»:
Ուղղակի զարմանք է հարուցում, որ բնական համակարգերի ավերման ու ոչնչացման, կյանքի հենարանների բնաջնջման, սոցիալական իրավիճակը դեպի վատթարացում տանող եւ արտագաղթի համար ճանապարհ հարթող ծրագիրը ԵԱՀԿ-ի պաշտոնյան ներկայացնում է որպես Հելսինկյան Ակտի դրույթների «շնչեցում»: Ուրեմն մեզ ուղղակի մնում է միայն ուսումնասիրել, խորհել ու հասկանալ, թե ի՞նչ առաքելությամբ է ԵԱՀԿ-ն Հայաստանի Հանրապետություն եկել, եւ ի՞նչ նպատակ է հետապնդում Հելսինկյան Ակտը:
Հարգելի Դեսպան, խնդիրն ավելի հասկանալի դարձնելու համար այստեղ բերեմ Հայաստանի Կանաչների միության կողմից Ձեզ հղված նամակն ամբողջությամբ.
«Հարգելի Դեսպան Անդրեյ Սորոկին, «Vallex Group»-ի կողմից կազմված «Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման բնապահպանական կառավարման պլանում» (հետայսու՝ Կառավարման պլան) ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի աշխատակից Գոհար Ղազինյանի անունից գրված է. «Ցանկանում եմ արտահայտել ԵԱՀԿ տեսանկյունը: Հանքավայրի շահագործումն, այո, պետք է իրականացվի, սակայն խելամիտ եղանակով՝ լուծելով ինչպես շրջակա միջավայրի պահպանության, այնպես էլ տնտեսական զարգացման խնդիրները: Հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել միջազգային փորձին, քանի որ առկա են ընդերքի շահագործման նոր տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս շրջակա միջավայրին հասցվող վնասը սահմանափակել բացհանքից մեկ մետր հեռավորությամբ: Անհրաժեշտ է ուսումնասիրել այս ասպարեզում առկա փորձն ու ձեռք բերել համապատասխան գիտելիքներ…» (էջ 89):
Մեզ անհրաժեշտ է իմանալ՝ ի՞նչ հիմնավորմամբ է ԵԱՀԿ-ն գտնում, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը պետք է իրականացվի:
Հայաստանի Կանաչների միությունը հնարավորինս ուսումնասիրել է Թեղուտի հանքավայրի նախագիծը, բազմիցս եղել է տեղանքում ու հանգել է այն եզրակացության, որ այդ հանքավայրի շահագործումը խոշորածավալ վնաս կհասցնի Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, միաժամանակ կհանգեցնի էկոլոգիական այնպիսի աղետի, որի հետեւանքների վերացումը գործնականում անհնար կլինի: Այսպիսի կարծիք են արտահայտել նաեւ բազմաթիվ հասարակական այլ կազմակերպություններ եւ անկախ փորձագետներ:
Եվ դա պահահական չէ: Օրինակ, Շնող գետի երեք վտակների հուներում լցվելու են պոչանք եւ հանքարդյունաբերական այլ թափոններ, այսինքն, հանքի շահագործման ընթացքում եւ շահագործումից հետո այս գետը դառնալու է մեռյալ: Սակայն, անգամ այժմ, երբ իրականացվում են միայն շինարարական աշխատանքներ, այդ գետում վերացել են ոչ միայն ձկնատեսակները, որոնք մշտապես որսացել են տեղի բնակիչները, այլ նաեւ` ջրային բոլոր կենդանիները: Ըստ Թեղուտի հանքավայրի նախագծի՝ հատվելու է 53333 միայն խնձորենի, ավերվելու եւ վերանալու է տարածքի երկրաբանական կառուցվածքը:
Բազում անգամ ասվել ու հրապարակվել է, որ Թեղուտի նախագիծը թերի է, կազմվել է ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներով, այնտեղ առկա են թերհաշվարկներ եւ կեղծիքներ, անասելի ցածր է գնահատված Հայաստանի Հանրապետության ունեցվածքը, օրինակ, ոչնչացվող անտառային տարածքի 1 մ2 գնահատվել է 0.8 դրամ, այն դեպքում, երբ 1 մ2 այդպիսի տարածքում արդյունաբերական թափոններ տեղադրելու համար սահմանված է 10 հազար դրամի տուգանք:
«Vallex Group»-ը Թեղուտի հանքավայրի շահագործումը փորձում է հիմնավորել պետական գանձարանի հարստացման, նոր աշխատատեղերի ստեղծման, սոցիալական իրավիճակի բարելավման հավաստումներով: Սակայն դրանք իրատեսական չեն:
Պետական գանձարան մտնելու են չնչին գումարներ, իսկ հիմնական շահույթը հասնելու է հանքավայրը շահագործող ընկերությանը:
Հանքավայրի շահագործմամբ ստեղծվելու են ժամանակավոր աշխատատեղեր, սակայն վերանալու են գյուղատնտեսական մշտակայուն աշխատատեղերը:
Ինչ վերաբերում է սոցիալական իրավիճակի բարելավմանը, ապա պետք է ասվի, որ այդ տարածաշրջանը գլխավորապես հանքարդյունաբերական թափոնների հետեւանքով դուրս է գալու գյուղատնտեսության ոլորտից եւ աստիճանաբար ամայանալով դառնալու է անմարդաբնակ:
Փաստորեն, ստացվում է, որ բազում հասարակական կազմակերպությունների ու փորձագետների տեսակետները տրամագծորեն հակառակ են ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տեսակետին: Կառավարման պլանում ԵԱՀԿ-ի անունից Թեղուտի հանքավայրի շահագործմանն ուղղված գովազդը, գուցե եւ, հորինված է, այն ենթադրությամբ, որ «Vallex Group»-ը իր այս հանցագործ ծրագիրը իրականացնելու համար ամեն գնով ձգտում է ցույց տալ, որ Թեղուտի հանքավայրի շահագործմանը իբր իրենց համաձայնությունն են տվել հասարակական եւ միջազգային կազմակերպությունները: Օրինակ, իմ անունից նույն Կառավարման պլանում գրված է, որ իբր ես դեմ չեմ Թեղուտի հանքավայրի շահագործմանը: Այն դեպքում, երբ բազմաթիվ հոդվածներում, «Աղետաբեր Թեղուտը» գրքում, ռադիոհեռուստատեսային հաղորդումներում եւ խնդրին վերաբերվող հասարակական ու պետական քննարկումներում հստակորեն ասել եմ, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը անթույլատրելի է եւ դրա շահագործման դեպքում ինչպիսի կործանարար հետեւանքներ են սպասվում Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաեւ Թեղուտի շահագործումը հակասում է պետության ու ժողովրդի շահերին եւ բխում է առանձին ընտանիքների շահերից:
Հարգելի Դեսպան, ակնկալում ենք, որ Ձեր պատասխանում նշված կլինի, թե արդյո՞ք նախկինում ԵԱՀԿ-ի տեսակետը եղել է ի նպաստ Թեղուտի հանքավայրի շահագործմանը, թե՞ դա «Vallex Group»-ի հորինվածքի արդյունք է: Ցանկանում ենք նաեւ իմանալ, թե այժմ ինչպիսի՞ն է ԵԱՀԿ-ի տեսակետը Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ:
Ճիշտ է՝ Թեղուտում հողային եւ շինարարական ծավալուն աշխատանքները շարունակվում են եւ մեծ ավերածություններ են կատարված, սակայն դեռեւս չի սկսվել հանքաքարի վերամշակման գործընթացը, որից հետո այդ տարածաշրջանը այլեւս անհնար կլինի տնտեսական նշանակությամբ օգտագործելը, այն կդառնա նաեւ հարակից տարածքները ծանր մետաղներով թունավորող աղբյուր: Այս կործանարար գործընթացը կանխելու գործում, մեր կարծիքով, իր վճռորոշ դերը կարող է ունենալ նաեւ այն, եթե Դուք հստակորեն արտահայտեք ԵԱՀԿ-ի տեսակետը եւ հայտարարությամբ հանդես գաք Թեղուտի հանքավայրի շահագործման դեմ:
Ցանկանում ենք նաեւ տեղեկանալ, թե այդ ի՞նչ նոր տեխնոլոգիաներ են, որոնք թույլ են տալիս շրջակա միջավայրին հասցվելիք վնասը սահմանափակել բացհանքից մեկ մետր հեռավորությամբ, ինչը մեզ բացարձակ անհավանական է թվում (կից ուղարկում ենք Հայաստանի Կանաչների միության կազմած՝ Թեղուտի նախագծին վերաբերվող տեղեկատուն):
Ինչպես մեր նամակից պարզ երեւում է, մենք ցանկացել ենք պարզել՝
ա) արդյո՞ք 2006 թվականին ԵԱՀԿ-ն կողմ է եղել Թեղուտի հանքավայրի շահագործմանը,
բ) արդյոք այժմ էլ ԵԱՀԿ-ն չի փոխել իր կարծիքը եւ կողմ է Թեղուտի հանքավայրի շահագործմանը եւ եթե իրոք կողմ է, ապա ի՞նչ գիտական ու սոցիալ-տնտեսական փաստարկներով է հիմնավորված այդ տեսակետը,
գ) ԵԱՀԿ-ին հայտնի այդ ի՞նչ նոր տեխնոլոգիաներ են, որոնք թույլ են տալիս շրջակա միջավայրին հասցվելիք վնասը սահմանափակել բաց հանքից մեկ մետր հեռավորությամբ:
Ակնկալում ենք այս հարցերի պատասխանները:
Հարգանքով Հակոբ Սանասարյան Հայաստանի Կանաչների միության նախագահ 14-ը նոյեմբերի, 2013 թ.




























