Հայտնի է դարձել այսօր՝ նոյեմբերի 14-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում քրեական հեղինակություն համարվող 41-ամյա Արմեն Եփրեմյանի («Թեփ Արմեն») սպանության մեջ կասկածվողը:
NEWS.am-ի տեղեկություններով, Արմեն Եփրեմյանի սպանության կասկածանքով բերման է ենթարկվել «օրենքով գող» Գոռի հորեղբոր տղան՝ 21-ամյա Ն. Ենոքյանը:
Կատարվածը վենդետա է, որը հին պատմություն ունի: Դեռ շատ տարիներ առաջ Գոռ անունով «օրենքով գողի» սպանության (նա մինչ օրոս անհայտ կորած է, դիակը չի հայտնաբերվել) մեջ կասկածել են «Թեփ Արմենին»: Վերջինս այդ դեպքից հետո Հայաստանից հեռացել է: Արդեն հիմա երբ նա վերադարձել է Հայաստան, տնից դուրս գալիս հետո կրակել են ու սպանել: Փաստորեն Ն. Ենոքյանը վրեժխնդիր է եղել «Թեփ Արմենից» Գոռի սպանության համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սարդարապատ գյուղում այսօր սպանվել է 41-ամյա Արմեն Եփրեմյանը: Նա երկու օր առաջ եկել էր Մոսկվայից՝ ազգականի հուղարկավորությանը մասնակցելու համար:
Նա քրեական հեղինակություն է եւ հայտնի է «Թեփ Արմեն» մականունով:




























