Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդը ողջունել է Թուրքիայի դեսպան Զերգյուն Քորություրքի վերադարձը Ստոկհոլմ, այն բանից հետո, երբ դեսպանը ետ էր կանչվել Անկարա՝ Շվեդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը՝ վկայակոչելով AFP-ն:

Ֆրեդրիկ Ռեյնֆելդը ողջունել է նրա վերադարձը Շվեդիա: «Լավ է, որ մեր դիվանագիտական հարաբերությունները պահպանվում են»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղար Ռոբերտա Ալենիուսը:

Դեսպան Զերգյուն Քորություրքը ժամանել է Ստոկհոլմ մարտի 30-ին: Վերադարձից առաջ նա Անկարայում լրագրողներին հայտնել էր, թե իր վերադարձը հնարավոր է դարձել, երբ շվեդական կառավարությունը հրաժարվել է խորհրդարանի որոշումից:

Ռեյնֆելդը խորհրդարանի որոշումից հետո ներողություն էր խնդրել Անկարայից: Նրա այդ քայլը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «շատ դրական» էր գնահատել: