Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն առաջարկում է հաշմանդամների համար Երեւանը մատչելի քաղաք դարձնելու նպատակով Երեւանի 2014-2017թ.թ. քառամյա զարգացման ծրագրի  իրենց վերաբերող հատվածը  քննարկել համապատասխան հանձնաժողովում եւ լսել նրանց առաջարկները:

«Բարեւ Երեւան»-ի նամակում մասնավորապես ասվում է.

«Հաշմանդամություն ունեցող, հատկապես ֆիզիկական տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար այսօր գոյություն ունեն բազմաթիվ խոչընդոտներ՝ սկսած վճարովի ավտոկանգառներում հաշմանդամների համար անվճար տեղեր հատկացնելուց, մինչեւ նրանց համար փողոցների, շենքերի, տրանսպորտի  մատչելիությունն ապահովելը: Երեւանի զարգացման քառամյա ծրագրում (2014-2017թթ.) ներառված են հաշմանդամներին վերաբերող որոշ դրույթներ:  Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը, մտահոգ լինելով այդ խնդիրների լուծմամբ, նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

«Տեղյակ եմ, որ Երեւանի քաղաքապետին կից գոյություն ունի հաշմանդամ անձանց խնդիրներով զբաղվող հանձնաժողով: Առաջարկում եմ հաշմանդամների համար Երեւանը մատչելի քաղաք դարձնելու նպատակով Երեւանի 2014-2017թ.թ. քառամյա զարգացման ծրագրի  իրենց վերաբերող հատվածը  քննարկել այդ հանձնաժողովում եւ լսել նրանց առաջարկները: Ակնկալում եմ տեղեկանալ այդ հանձնաժողովի մոտակա նիստի մասին՝ առաջարկված օրակարգով:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am