Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-իտալական հարաբերությունների ընդլայման  եւ խորացման գործում:

Բրունո Սկապինին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը սերտ համագործակցության համար եւ նշել, որ Հայաստանի եւ Իտալիայի հարաբերություններն այս ընթացքում զարգացել են ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային ու հումանիտար բնագավառներում: ՀՀ-ում Իտալիայի դեսպանը հիշեցրել է, որ այս ընթացքում ստեղծվել է նաեւ հայ-իտալական առեւտրային պալատը, որը հնարավորություն կտա Հայաստան ներգրավել իտալական նոր ընկերություններ եւ ներդրումներ: Սկապինիի խոսքով՝ տարեցտարի մեծանում է իտալացի զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր, ինչը երկու ժողովուրդների կապերի ամրապնդման լավագույն ուղիներից մեկն է:

Բրունո Սկապինին տեղեկացրել է նաեւ, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում նախատեսվում է Վերոնայում կազմակերպել հայկական երաժշտության մեծ երեկո: 

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-իտալական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար, եւ մաղթել նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ: