Հայաստանում պետական կայքերից ամենաթափանցիկը եւ մատչելին ԱԺ-ի կայքն է, որի մատչելիության գործակիցը հասնում է 80 տոկոսի: Այս մասին, այսօր` նոյեմբերի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ խոսելով ՀՀ պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության խնդիրների մասին՝ըստ պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալների:

Նրա խոսքով՝ իրենց մոնիթորինգն սկսել են մայիսի 1-ից: Երկրորդ տեղում ՀՀ դատախազության կայքն է՝  73.650 տոկոսով, հաջորդում է Երեւանի քաղաքապետարանի կայքը` 57.558 տոկոսով,  Սահմանադրական դատարանինը` 49.561 տոկոսով, Կառավարությանը` 49.111 տոկոսով, ՄԻՊ-ինը՝ 39.379 տոկոսով, եւ վերջում ՀՀ նախագահի կայքը՝ 35.390 տոկոսով:

ՀՀ-ում մարզպետարանների տեղեկատվական թափանցիկությամբ առաջին տեղում է Կոտայքի մարզը, երկրորդում` Լոռիի մարզը, երրորդում՝ Գեղարքունիքի մարզը, հաջորդում է Վայոց Ձորի մարզը, Արարատի մարզը, Արմավիրի մարզը, Տավուշի մարզը, Շիրակի մարզը, Սյունիքի մարզը, որը նախորդ տարի առաջին տեղում  է եղել, սակայն համապատասխան մասնագետի հիվանդության պատճառով կայքը հետընթաց է գրանցել եւ վերջում Արագածոտնի մարզն է: