Պաշտոնական կայքերից շատերին բնորոշ հատկանիշներից են պետական մարմիններին հատկացված տարեկան բյուջեի ծախսերին, տվյալ մարմնում անցկացված կամ պետական մարմնի իրավասությունների շրջանակներում կատարված ստուգումների արդյունքներին վերաբերող տեղեկատվության բացակայությունը: Այս մասին, այսօր` նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ խոսելով ՀՀ պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության խնդիրների մասին` ըստ պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալների:
Նրա խոսքով՝ մի շարք գերատեսչությունների կայքերում բացակայում կամ թերի են ներկայացված թափուր պաշտոնների ցանկը կամ դրանք զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգը, նաեւ այդ մրցույթի արդյունքները եւ դրանց բողոքարկման հնարավորությունները:
Թերություններից է նաեւ ֆիզիկական, իրավաբանական անձանց հետ կնքված պետական պայմանագրերի մասին տեղեկատվությունը: Աշոտ Մելիքյանը նաեւ նշեց, որ հաճախ բավարար ներկայացված չեն լինում նաեւ տվյալ պետական կառույցի եւ նրա պաշտոնատար անձանց որոշումները կամ գործողությունները:
«Սա նշանակում է, որ Հայաստանում ոչ բոլոր պետական մարմիններն են լիարժեք տեղեկություներ ներկայացնում հանրությանը եւ բավարար կերպով օգտագործում արդի տեխնոլոգիաները, ամենից առաջ համացանցի հնարավորությունները»,- նշեց Աշոտ Մելիքյանը;
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























