Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 45 մլն դրամով տուգանել է մանկապարտեզների եւ ծերանոցերի մի շարք անբարեխիղճ մատակարարների: «Երեքնուկ», «Ամարաս Յուս» եւ «Սեար Գրուպ» ընկերությունները տուգանվեցին յուրաքանչյուրը 15 մլն դրամի չափով:

ՏՄՊՊՀ-ն վերջին 2-3 տարվա ընթացքում ուսումնասիրել է 88 հաստատությունների (ծերանոց, մանկատուն, գիշերօթիկ հաստատություն, մանկապարտեզ) շուրջ 200 ապրանքի մատակարարման մրցույթներ, ինչի արդյունքում բացահայտվել է, որ ընկերությունները պետգնումների մրցութային գործընթացների շրջանակներում վարել են համատեղ փոխհամաձայնեցված քաղաքականություն: Հանձնաժողովը հայտնաբերել է այդ մասին վկայող մի շարք հանգամանքներ:

Ինչպես նշեց ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանը, ընկերությունները առաջին անգամ չէ, որ թույլ են տալիս մրցակցային օրենսդրության խախտումներ: «Սեար Գրուպ» եւ «Երեքնուկ» ընկերությունները նախորդ տարի Հանձնաժողովի կողմից տուգանվել են ընդհանուր առմամբ 15 միլիոն դրամի չափով՝ մանկապարտեզներում կազմակերպված մրցույթներում չարաշահումների համար:

Նշված երեք ընկերությունները վարել են փոխհամաձայնեցված գնային քաղաքականություն՝ շուկան բաժանելով միմյանց միջեւ եւ հաջորդաբար հաղթելով տարբեր մրցույթներում: Օրինակ, «Ամարաս-Յուսը» խտացրած կաթի մի մրցույթում հաղթել է՝  1 տուփը 450 դրամ գնային առաջարկով, իսկ մյուսում պարտվել՝ նույն ապրանքն առաջարկելով անհամեմատ բարձր՝ 1100 դրամ գնով, ինչի արդյունքում հաղթող է ճանաչվել «Երեքնուկ» ընկերությունը եւ խտացրած կաթ մատակարարել շուկայականից ակնհայտ բարձր՝ 1 տուփը 895 դրամ գնով։

Որոշ դեպքերում էլ ընկերություններից մեկը, հաղթող ճանաչվելով մրցույթում, հրաժարվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը եւ մատակարարել ապրանքները: Արդյունքում տեղը զիջել է իր հետ փոխկապակցված եւ ավելի բարձր գնային առաջարկ ներկայացրած մյուս ընկերությանը:

«Ըստ ներկայումս գործող կարգի, մենք փոխանցել են մեր ստացած ուսումնասիրության արդյունքները ֆինանսների նախարարություն, որը խախտողներին ներառելու է սեւ ցուցակ եւ որոշ ժամանակով զրկելու է պետգնումներին մասնակցելու իրավունքից», - նշեց Ա. Շաբոյանը: