Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ ասոցացման համաձայնագիր ստորագրելու հարցում կորցնում է լավատեսությունը՝ Յուլյա Տիմոշենկոյի գործի պատճառով, սակայն չի բացառում այդ հարցի լուծումը նոյեմբերին՝ վավերացման փուլում, փաստաթուղթը ստորագրելուց հետո: 

Ըստ նրա՝ մի քանի շաբաթ առաջ ինքը լավատեսորեն էր տրամադրված, երբ շատ կարեւոր հայտարարություն էր հնչել՝ կապված բուժման նպատակով Տիմոշենկոյի արտասահման մեկնելու հնարավորության մասին օրենքի հետ:

«Այսօր ես  այնքան էլ լավատես չեմ, սակայն դեռ հույս ունեմ եւ ձգտում եմ աշխատել մինչեւ վերջ», - ասել է Կոմորովսկին լեհական TVN24 հեռուստաալիքի հետ  հարցազրույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Լեհաստանի նախագահը կարծում է, որ ԵՄ-ն պետք է Կիեւին մղի ասոցացման պայմանագրի ստորագրման բոլոր պայմանները կատարելուն, սակայն նաեւ պետք է պատրաստ լինի որոշում կայացնել, որպեսզի պայմանների մի մասն իրականացվի մյուս ՝ համաձայնագրի վավերացման փուլում:

«Ուկրաինայի զարգացման ուղղության համար պայքարը՝ Արեւելք, թե Արեւմուտք, կշարունակվի մինչեւ Վիլնյուսի գագաթաժողովի վերջին ժամերը», - հայտարարել է լեհ նախագահը: