Յուրաքանչյուր ինտեգրացիոն գործընթացում մեզ համար կարեւոր են երեք հարցեր. Հայաստանի ռազմական ու տնտեսական անվտանգություն եւ ԼՂ անվտանգություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա որեւէ փաստաթուղթ ստորագրելուց, որոնք չեն համապատասխանում այդ պահանջներին: «Չեմ կարծում, որ որեւէ քաղաքական ուժ գիտի, թե ինչպիսի փաստաթուղթ կստորագրվի Վիլնյուսում, քանի որ, ինչպես միշտ, դա գաղտնի է պահվում, եւ ԱԺ-ում չի եղել որեւէ քննարկում»,-նշել է Ստեփան Մարգարյանը:

Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ ինտեգրացիոն գործընթացներում Հայաստանի մասնակցությունը շատ անհրաժեշտ է: «Պետք է ինչ-որ ձեւաչափեր մտածել մեր կողմից նախաձեռնողական քաղաքականության համար»,-նշել է պատգամավորը: