Մոսկվայում սարսափելի ավտովթարի մասնակից «ԿամԱԶ»-ի վարորդ  Հրաչյա Հարությունյանի ընտանիքը եւ փաստաբանը տեղյակ չեն նրա դեմ հարուցված երկրորդ քրեական գործից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:

Նա ասաց, որ երկրորդ քրեական գործի առկայության մասին իրենք տեղեկացել են լրատվամիջոցներից, նույնիսկ փաստաբանը տեղյակ չի եղել դրանից:

Հրաչյա Հարությունյանի դուստրը նաեւ նշեց, որ եթե պարզվի, որ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները ճիշտ են եւ հոր դեմ երկրորդ քրեական գործն է հարուցվել, փաստաբանը վստահեցրել է, որ որեւէ վտանգավոր բան չկա, տուգանքով կազատվի պատասխանատվությունից:

Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Մերձմոսկվայում տեղի ունեցած սարսափելի վթարից հետո 46-ամյա հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ եւս մեկ քրեական գործ է հարուցվել՝ ՌԴ ՔՕ 264-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը հանգեցրել է 2-ից ավելի մարդկանց մահվան): Նրան սպառնում է մինչեւ յոթ տարի ազատազրկում: Ըստ նոր հոդվածի նա կամ պետք է տուգանք վճարի կամ ուղղիչ աշխատանքների մասնակցի, կամ էլ կալանավորվի վեց ամսով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սարսափելի վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, որի ժամանակ զոհվել է 18, վիրավորվել ավելի քան 60 մարդ: Հուլիսի 15-ին Հարությունյանին կալանավորել են մինչեւ սեպտեմբերի 13-ը: Մոսկվայի Տվերի դատարանը սեպտեմբերի 12-ին, մինչեւ դեկտեմբերի 14-ը երկարաձգել է «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի կալանքի ժամկետը: Նա երկար ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, քանի որ սրտի շրջանում ցավեր ուներ, բայց այժմ տեղափոխվել է կալանավայր: