Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ընդունել է Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, պարոն Բրունո Սկապինիին: 

Հանդիպման ընթացքում Ս.Օհանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ պաշտպանության բնագավառում իրականացվող համագործակցությունը, մասնավորապես` կադրերի պատրաստման բնագավառում: Կողմերը կարեւորել են նաեւ մոտ ապագայում ՀՀ ԶՈւ մասնակցության հնարավորությունը Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը:  

Դեսպան Սկապինին եւս կարեւորել է հայ-իտալական համագործակցությունը` հաստատելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ ավելի սերտ համագործակցություն զարգացնելու իտալական կողմի պատրաստակամությունը: Դեսպանը հավաստիացրել է, որ այսուհետ եւս կշարունակի մնալ Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամը: