«Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ում որպես գործակալ աշխատող 25-ամյա Արմինե Ս.-ն յուրացրել է ավտոմեքենաների ապահովագրման արդյունքում հավաքված գումարները: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 25-ամյա Արմինե Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. սեպտեմբերի 26-ից աշխատելով «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ում որպես գործակալ եւ գործունեություն ծավալելով Աբովյան քաղաքում 2012թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2013թ. մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում իրեն վստահված «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ-ի քաղաքացիների ավտոմեքենաների ապահովագրման արդյունքում հավաքված գումարները յուրացրել է՝ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ին պատճառելով խոշոր չափերի՝ 1.981.804. ՀՀ դրամի նյութական վնաս:

Քրեական գործ է հարուցվել 179  հոդվածի  2-րդ մասի   3-րդ կետով (յուրացնելը կամ վատնելը խոշոր չափերով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի  500-1000 պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է  ստացվել նոյեմբերի 11-ին:Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: