Եվրոպական Միությունը Վիլնյուսում նոյեմբերի 28-ին եւ 29-ին կայանալիք գագաթնաժողովից առաջ պետք է երաշխավորի, որ Արեւելյան գործընկերության անդամ պետությունների հետ հարաբերությունների հիմքում մարդու իրավունքներն են ընկած: Նման հայտարարությամբ հանդես է եկել «Human Rights Watch»-ը:
«Մինչ դեռ երկրների ղեկավարները նախապատրաստվում են Վիլնյուսի հանդիպմանը, ԵՄ-ն պետք է ցույց տա, որ լուրջ է վերաբերում ամրդու իրավունքներին: ԵՄ ու նրա արեւելյան գործընկերների հետ հարաբերությունների հիմքում պետք է ընկած լինեն իրավունքների բնագավառի նկատելի բարելավումներ, այլ ոչ թե մշուշապատ խոստումներ»,- նշել է «Human Rights Watch»-ում Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը:
Իրավապաշտպան կազմակերպության համաձայն՝ ԵՄ-ն այս երկրներին պետք է սկզբունքայնորեն ու հետեւողականորեն վերաբերվի՝ անկախ նրանցից յուրաքանչյուրի հետ համագործակցության շրջանակներից:
«Սպասվում է, որ Վրաստանն ու Մոլդովան կվավերացնեն Ասոցացման համաձայնագիրը: Վրաստանի վերաբերյալ 2013թ.-ի ԵՄ զեկույցում նշվել է դատական իշխանության անկախության հարցը, ընտրովի արդարադատությունից խուսափելու եւ իրավապահ մարմինների հանդեպ դեմոկրատական վերահսկողություն սահմանելու անհրաժեշտությունը:
Սեպտեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը Եվրասիական մաքսային միության հետ համաձայնագիր կկնքի՝ այդ կերպ բացառելով ԵՄ հետ ասոցացումը: ԵՄ-ն ակնկալում էր, որ Հայաստանը գագաթնաժողովում կվավերացնի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը:
2013թ.-ին փակուղու առջեւ կանգնեցին Ադրբեջանի հետ բանակցությունները: Ադրբեջանը ցույց տվեց, որ հետաքրքված չէ համագործակցության այլ շրջանակներով, իսկ ԵՄ-ն իր հեչթին ցուցյ տվեց, որ հիասթափված է Ադրբեջանում մարդու իրավունքների բնագավառում առաջընթացի բացակայությունից: Անցյալ տարվա ընթացքում Ադրբեջանը աննխադեպ ճնշումներ էր գործադրում քաղաքական ակտիվության ու այլ քննադատության վրա»,- ասվում է «Human Rights Watch»-ի հայտարարության մեջ:
«Զարմանալի չէ, որ Ադրբեջանը մարդու իրավունքների համակարգը ցանկանում է պահել ԵՄ հետ հարաբերությունների շրջանակից դուրս: սակայն ԵՄ-ն պետք է հավատարիմ մնա իր սկզբունքներին»,- ընդգծել է «Human Rights Watch»-ում Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը:





























