Անդամակցելով Մաքսային միությանը Հայաստանը ստիպված կլինի զիջել իր ինքնիշխանության մի մասը: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում:
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի դեսպանը հավելել է, որ իրենց ինքնիշխանության որոշակի մասը զիջում են նաեւ Մաքսային միության այլ անդամները՝ ներառյալ Ռուսաստանը:
Հարցին, թե ինչպես կարձագանքի Երեւանում բարձրաձայնվող մտահգություններին, թե անդամակցելով Մաքսային միությանը՝ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը եւ այդպիսով պարզապես վերստղեծվում է Խորհրդային Միությունը, դեսպանը պատասխանեց. - «Իսկ մի՞թե Եվրամիության անդամ երկրները չզոհաբերեցին իրենց ինքնիշխանության մի մասը, երբ միավորվում էին: Այդ երկրների մի մասն անգամ զոհաբերեց իրենց արդյունաբերության, գյուղատնտեսության որոշակի հատվածը: Ի դեպ, Մաքսային միությունը նման զոհողություններ չի պահանջում: Դեռ ավելին՝ Հայաստանի արդյունաբերությունը եւ գյուղատնտեսությունը լրացուցիչ խթան կստանան զարգացման ու եվրասիական շուկայի յուրացման համար»:
Ինչ վերաբերում է Խորհրդային Միության վերստեղծմանը վերաբերող մտահոգություններին` Վոլինկինն ասաց. - «Խորհրդային Միությունը այլեւս անցյալում է, եւ վերադարձ դեպի ԽՍՀՄ չկա՝ նրա դրական ու բացասական կողմերով հանդերձ: Լիովին վստահ եմ, որ նոր ԽՍՀՄ չի լինելու… Մաքսային միության անդամ երկրները իրենց ինքնիշխանությունը ամբողջովին չեն կորցնի, սակայն իրենց ինքնիշխանության մի մասը, առանց որեւէ կասկածի, նրանք պետք է փոխանցեն վերազգային մարմիններին: Դա տեղի է ունենում ինտեգրացիոն բոլոր միավորումներում՝ թե՛ Արեւմուտքում, թե՛ Արեւելքում, ուր ասես»:





























