Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում նոյեմբերի 15-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ: Հայկական կողմը խորհրդակցություններում գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, իսկ ուրուգվայական կողմը` արտաքին գործերի նախարարի տեղակալ Լուիս Պորտոն:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե խորհրդակցությունների ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ առկա ջերմ բարեկամական հարաբերությունների եւ քաղաքական  երկկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ:  

Կարեւորվել է առեւտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջային, մարզական եւ այլ բնագավառներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, գործարար համաժողովների եւ մշակութային օրերի անցկացումը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ընդգծվել է միջազգային կառույցներում փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ամբողջացման կարեւորությունը: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի եւ Ուրուգվայի միջեւ մուտքի արտոնագրերի պահանջի վերացումն էապես կնպաստի երկկողմ հարաբերությունների աշխուժացմանը:

Խորհրդակցությունների շրջանակում ՀՀ եւ Ուրուգվայի ԱԳ փոխնախարարները փոխանակել են  Հայաստանի Հանրապետության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության կառավարությունների միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ վավերագրերը: