2014 թվականի բյուջեն արտագաղթի եւ աղքատության բյուջե է, իսկ որոշ մարդկանց համար` խրախճանքի անսպառ հնարավորություն: Այդ մասին ասել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում:

«Թե հատկապես ո՞ւմ  համար է բյուջեն խրախճանքի, կարծում եմ գիտենք բոլորս` խոսքը շուրջ հազար պաշտոնյաների մասին է, ովքեր շարունակում են իրենց խրախճանքը` այս անգամ ավելի անամոթաբար` կտրուկ բարձրացնելով իրենց աշխատավարձերը:

Փաստորեն, Հայաստանը որպես խաղատուն օգտագործողները 2014 թվականին նախատեսում են հայ ժողովրդին պատկանող կարողությունները նորից որպես խաղադրույք դնել` իրենց խաղամոլությունը բավարարելու համար:

Մաքսային միությանը միանալու մտադրության մասին հայտարարությունը, փաստացի, մի նոր խաղադրույք է, որի իրագործման հետեւանքով մեր տնտեսությանը հասցվելու են հսկայական վնասներ, որի պատճառն է, առաջին հերթին` մաքսային դրույքաչափերի բարձրացումը: Խաղամոլների նման ավանտյուրան վկայում է այն մասին, որ խաղացողները ոչ միայն չեն մտահոգվում պարտվելուց, այլ նաեւ չեն վախենում հայ ժողովրդին պատկանող կարողությունները փոշիացնելու հետեւանքով արժանի պատիժը կրելուց:

Քանի դեռ մենք չենք հեռացնում խրախճանքի մեջ գտնվողներին, մեզ ներկայացված պարտադրանքը, մեր հեռացման` արտագաղթելու վերաբերյալ, շարունակվելու է, իսկ թոշակ եւ աշխատավարձ ստացողները մնալու են նվաստացուցիչ պայմաններում եւ աղքատության մեջ:

Թող թյուրըմբռնում չլինի` իբրեւ թոշակները եւ աշխատավարձերը բարձրանալու են: Թոշակների եւ աշխատավարձերի չնչին բարձրացումների հետ մեկտեղ արդեն արձանագրված գնաճին եւս ավելանալու է գնաճ, եւ դեռ ավելին` նոր հարկատեսակ է գործելու` պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամին աշխատավարձից 5 տոկոս եւ ավելի գանձման միջոցով, որը վերաբերելու  է աշխատավարձ ստացող շուրջ 250 հազար անձի:

Մի խոսքով, աղքատների եւ աղետի մեջ գտնվող ժողովրդի համար, իհարկե, սա բյուջե չէ, սա ուղղակի նշանակում է` մեր ժողովրդին որբի կարգավիճակ տրամադրել, իսկ որոշ անձանց համար արտոնյալ պայման` խրախճանքը շարունակելու:

Այսքանից հետո օրինաչափ եւ բնական է, որ օրեցօր շատանում եւ ծավալվում են բողոքի համատարած ցույցերը, որոնք անխուսափելի են դարձնում դեռ տարեսկզբից մեր ժողովրդի կողմից սկսած հեղափոխական շարժման հաղթական հանգուցալուծումը, ինչն ի ցույց է դնում, որ  Շանթ Հարությունյանի ու իր համախոհների փոխարեն բանտախցերում պետք է եւ կհայտնվեն երկիրն ու ժողովրդին արյունաքամ անողները»,- նշել է Փոստանջյանը: