Կիպրոսի մայրաքաղաքի հիվանդանոցում վախճանվել է երկրի նախկին նախագահ Գլաֆկոս Կլիրիդիսը: Այս մասին հայտնել է նրա բժիշկ Իոսիֆ Կասիոսը:
94-ամյա նախկին նախագահը հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 13-ին` առողջության կտրուկ վատթարացման պատճառով. դադարել էին գործել նրա երիկամները: Նոյեմբերի 14-ի երեկոյան նա կոմայի մեջ էր ընկել, սակայն դրանից առաջ հասցրել էր շրջապատողներին ասել, որ դա իր վերջն է, եւ խնդրել էր իրեն չմիացնել արհեստական շնչառության սարքին:
Կլիրիդիսը Կիպրոսի ամենահեղինակավոր եւ հարգված քաղաքական գործիչներից էր: Նա Կիպրոսի Հանրապետության նախագահ էր եղել երկու ժամկետ անընդմեջ` 1993-2003թթ.: Նրա օրոք Կիպրոսի հարցի կարգավորման ակտիվ բանակցային գործընթաց էր ընթանում: Նա շատ բան է արել ԵՄ Կիպրոսի անդամակցությունը նախապատրաստելու ուղղությամբ, նշում է NEWSru.com-ը:
Նախկին նախագահը նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան էր, ռազմական օդաչու: Երբ սկսվել էր պատերազմը, նա կամավոր մեկնել էր Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերում ծառայելու: 1942թ. նրա օդանավը գրավել էին: Կլիրիդիսը գերի էր ընկել եւ ֆաշիստական ճամբարներում մնացել մինչեւ 1945թ.:





























