ԱՄՆ-ն Լիբիայում ամերիկյան դեսպանին սպանողի գլուխը գնահատել է 10 միլիոն դոլար: Ավելի վաղ ՀԴԲ-ն հրապարակել էր կասկածյալների լուսանկարները, հայտնում է rbc-ն:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին նոյեմբերի 15-ին հայտարարել է, որ դրամական պարգեւի մասին ասվել է դեռեւս 2013թ. հունվարին: Այդ մասին նա գրել էր Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնին` ի պատասխան այն հարցին, թե ինչու Բենգազիում կատարվածի մասին տեղեկության դիմաց դեռ դրամական պարգեւ չեն առաջարկել: Պետքարտուղարը զանգվածային հրապարակման բացակայությունը բացատրել է անվտանգության նկատառումներով: Նա ընդգծել է, որ համապատասխան տեղեկություն հրապարակվել էր Պետդեպարտամենտի «Պարգեւ` հանուն արդարության» ծրագրի կայքում, հաղորդում է «lenta.ru»-ն:
Հիշեցնենք, որ 2012թ. սեպտեմբերի 11-ին Բենգազիում ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման հետեւանքով սպանվել էին Լիբիայում ԱՄՆ-ի դեսպան Քրիս Սթիվենսը եւ երեք այլ ամերիկացի դիվանագետներ:
Անկախ հետաքննությունը ցույց էր տվել, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը չէր կարողացել ապահովել դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը: Հանցագործության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել իսլամական խմբավորումը:
2013թ. սեպտեմբերի 11-ին կատարվածի տարելիցը «նշել էին» այլ ահաբեկչությամբ. Բենգազիի կենտրոնում ականապատ մեքենա էր պայթել:





























