Anonymous-ի հետ կապ ունեցող հաքերներին հաջողվել է կոտրել ամերիկյան մի քանի դաշնային գերատեսչությունների համակարգիչները՝ օգտագործելով Adobe ծրագրային ապահովման սողանցքը։

Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՀԴԲ-ի նյութերը։ Լուրը պաշտոնական հաստատում չի ստացել։

ՀԴԲ-ի փաստաթղթերի համաձայն՝ կառավարական համակարգիչները կոտրելու ծրագիրը սկսվել է 2012թ. դեկտեմբերից եւ ներառել է ԱՄՆ-ի բանակը, էներգետիկայի, առողջապահության նախարարություններն ու սոցծառայությունները, նաեւ, ենթադրվում է, շատ այլ պետհաստատություններ, գրում է lenta.ru-ն։

Reuters-ի ձեռքում առանձին թվային տվյալներ են հայտնվել։ Չարագործները պետական նվազագույնը 104 հազար աշխատակիցների ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամների եւ այլ անձանց անձնական  համակարգիչներ են մուտք գործել, նրանց հասանելի է դարձել նաեւ մոտ երկու հազար բանկային հաշիվներ։