Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են Երիտասարդության եւ Ուսանողության միջազգային օրերին նվիրված Երեւանի քաղաքապետարանում նախատեսվող միջոցառման հետ կապված հարցեր: Նիստին ներկա է գտնվել նաեւ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ողջունելով խորհրդի անդամներին, վերջինս առանձնակի կարեւորել է երիատասարդության ակտիվ մասնակցությունը ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում իրականացվող ծրագրերին, այնպես էլ ռազմահայրենասիրական դաստիարակություն քարոզող միջոցառումներին: Վարդան Ավետիսյանը քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներին է ներկայացրել նաեւ վարչության գործունեությունը, տարեկան անելիքներն ու երիտասարդության տարբեր խմբերի մասնակցությունն այդ ծրագրերին: Օգտվելով առիթից, գեներալ-մայորը խորհրդի անդամներին հրավիրել է մասնակցել նաեւ ՀՀ ՊՆ-ն կողմից կազմակերպվող 2014թ-ի հունվարի 28-ին՝ Բանակի օրվան նվիրված միջոցառումներին:
Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու եւ նիստին մասնակցելու համար, Երեւանի քաղաքապետի օգնական, Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը վստահեցրել է, որ խորհրդի անդամներն անպայման իրենց ակտիվ մասնակցությունը կունենան Բանակի օրվա եւ, ընդհանրապես, ՊՆ-ի կողմից նախաձեռնվող միջոցառումներին:
Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի հաջորդ նիստը կգումարվի դեկտեմբերի առաջին տասնօրյակում: Նիստի ընթացքում կամփոփվեն 2013թ-ին խորհրդի կողմից իրականացված աշխատանքներն ու կնախանշվեն 2014թ-ին նախատեսվող ծրագրերը:




























