Մեզ համար մեծ նշանակություն ունի վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորումը, քանի որ կարեւոր է, որպեսզի Հայաստանն ու Վրաստանը միեւնույն քաղաքական ուղղվածությունն ունենան: Այս մասին նոյեմբերի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանը:

Ի պատասխան հարցին, թե արդյոք Վրաստանը մինչեւ վերջ կանցնի ասոցացման համաձայնագրի ստորագրման ուղին՝ Ուկրաինայի դեպքերի ֆոնին, նա նշել է, որ չի կարող կանխատեսել վրացական կողմի գործողությունները՞

 «Բայց կարծես թե Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման  գործընթաց է սկսվում:

Ճիշտ է, նորընտիր նախագահը եւս  հայտարարել է, որ կընտրի եվրաինտեգրման ուղին, սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկար է նկատվում», - կարծում է Տաճատ Վարդապետյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կկայանա ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովը, որտեղ նախատեսվում է Ուկրաինայի հետ ստորագրել, իսկ Վրաստանի ու Մոլդովայի հետ նախաստորագրել  Ասոցացման համաձայնագիրը: Հայաստանի հետ համաձայնագիրը բացառվում է, քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին: