Ռուսաստանի Կազան քաղաքի օդանավակայանում վթարի ենթարկված ինքնաթիռում Հայաստանի քաղաքացիներ եւ ազգությամբ հայեր չեն եղել: Այդ մասին Հայաստանի ԱԻՆ-ին հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից:

NEWS.am-ն ավելի վա հայտնել էր, որ նոյեմբերի 17-ին «Թաթարստան» ավիաընկերության Մոսկվայի Դոմոդեդովոյից մեկնած Boeing 737 ուղեւորատար օդանավը վթարի էր ենթարկվել Կազանի օդանավակայանում վայրէջք կատարելիս: Նախնական վարկածը անձնակազմի սխալն է:

Վայրէջքի ժամանակ օդանավը փորձել էր երկրորդ պտույտ կատարել, սակայն կորցրել էր բարձրությունը եւ բախվել գետնին: Այն բռնկվել էր, եւ բենզոբաքերում վառելիքը պայթել էր:

Ավիավթարի հետեւանքով զոհվել են ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներ եւ 44 ուղեւորներ:
Զոհերից մեկը Թաթարստանի նախագահի որդի Իրեկ Մինիխանովն է:  Երիտասարդը տուն էր վերադառնում մենակ, նա իր հղի կնոջն արգելել էր ուղեկցել իրեն: Զույգն ամուսնացել էր օգոստոսին: Ողբերգության զոհ են դարձել նաեւ մարզական մեկնաբան Ռոման Սկվորցովի կինը` Էլինան, եւ 11-ամյա դուստրը: Կազան էր վերադառնում նաեւ Թաթարստանի ԱԴԾ-ի վարչության պետ Ալեքսանդր Անտոնովը: