Նոյեմբերի 17-ին տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ են կայացել մի շարք համայնքներում:
ԿԸՀ նախնական տվյալներով, Աչաջուրում, որտեղ սովորաբար ընտրությունները դրամատիկ ընթացք են ունենում, համայնքի ղեկավար է ընտրվել ամիսներ առաջ մահափորձի ենթրակված Կամո Ղալթախչյանը, նա ստացել է 1119 ձայն: Այս գյուղում առաջադրված երեք թեկնածուներն էլ Հանրապետական կուսակցությունից են, բոլորն էլ ինքնառաջադրվել են: Տաթեւ Գասպարյանը ստացել է 810 ձայն, արդեն նախկին գյուղապետ Համո Գեւորգյանը՝ 375 ձայն:
Լոռիի Մարգահովիտում գյուղապետ է ընտրվել Սամվել Անանյանը, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղում՝ Լեւիկ Գրիգորյանը, նույն մարզի մեկ այլ գյուղում՝ Ծովինարում՝ Մհեր Մարտոյանը, Արագածոտնի մարզի Ջրամբարում՝ Գարի Գեւորգյանը՝ ստանալով 64 ձայն, Թթուջուրում՝ Գրիգոր Ասլանյանը, Ձորագլուխ գյուղում՝ Հրայր Կարապետյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 09։30-ին, ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, պայթյունի հետեւանքով, մի ավտոմեքենայի առջեւի աջ անիվը վնասվել Է։
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրի զննությամբ պարզել է, որ անհայտ անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանություն կատարելու դիտավորությամբ, դեռեւս չճշտված եւ ապօրինի ձեռք բերված պայթուցիկ սարքեր է նախապես տեղադրել Աչաջուր գյուղի բնակիչ Կամո Ղ.-ի անձնական օգտագործման «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի տակ, եւ երբ վերջինս ու իր ընկեր Հայկ Վ.-ն ժամը 09:10 սահմաններում ավտոմեքենայով երթեւեկել են Աչաջուրի գյուղամեջ, տնից անցնելով շուրջ 150 մ ճանապարհ՝ պայթուցիկ սարքերը գործել են, սակայն հանցավորի կամքից անկախ պատճառներով Կամո Ղ.-ն եւ Հայկ Վ.-ն կյանքից չեն զրկվել, իսկ պայթյունի հետեւանքով վնասվել է մեքենայի աջ անիվը եւ շրջակա հատվածը:
Անհայտ անձի կողմից Կամո Ղ.-ին եւ Հայկ Վ.-ին սպանելու փորձի եւ ապօրինի կերպով պայթուցիկ սարք պահելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նույն օրը հարուցվել է քրեական գործ, կատարվել է դեպքի վայրի զննություն, եւ որոշում է կայացվել դատահետքաբանական, դատաձգաբանական, պայթյունատեխնիկական, դատաքիմիական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:




























