Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Երեւանում հնդիկ ուսանողի կատարած դանակահարության եւ ինքնասպանության վերաբերյալ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նոյեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Երեւանի Նոր Արեշի 17-րդ եւ 8-րդ փողոցների անկյունում գտնվող իր տուն է մտել արյունլվա մի անծանոթ աղջիկ, իսկ մյուս անծանոթն ընկած է փողոցում: Նույն օրը, ժամը 19.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի եւ կրծքավանդակի ձախ կեսի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Նոր Արեշի 8-րդ փողոցի թիվ 14 տան մոտից բուժօգնության է տեղափոխել 24-ամյա Ա. Ա.-ն:

Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության` Նոր Արեշի 8-րդ եւ 17-րդ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել դանակահարություն, իսկ ժամը 19.40-ին, նույն բուժկենտրոնից հաղորդում է ստացվել, որ կենսաբանական մահ ախտորոշմամբ Նոր Արեշի 8-րդ եւ 17-րդ փողոցների խաչմերուկից իրենց մոտ է տեղափոխվել 32 տարեկան տղամարդու դիակ: Պարզվել է, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1985 թ. ծնված Դենիշ Բաբու Շահաբ Սինգխը Նոր Արեշի 17-րդ փողոցում գտնվող իր վարձակալած տանն ամուսնության առաջարկ է արել Ա. Ա.-ին, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալուց հետո խոհանոցային դանակով որովայնի շրջանում բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրան, այնուհետեւ նույն դանակով իր պարանոցի զարկերակները կտրելով` ինքնասպանություն է գործել:

Ըստ բժշկի տեղեկանքի` Ա. Ա.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Երեւանի Նոր Արեշ 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի մոտ, նոյեմբերի 16-ին, պարանոցը կտրած հնդիկ ուսանողը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Էրեբունի բժշկական կենտրոնում է գտնվում Ավանեսովի նրբանցքի բնակչուհի 24-ամյա Աստղիկ Աղաջանյանը: Նշված տան ներսում օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է մի քանի բջջային հեռախոսներ, արյունոտված դանակներ, որոնցից եկուսը` կոտրված: Տան ներսում հատակն ու պատերն ամբողջովին պատված են եղել արյունով: