Բոլոր այն երկրներում, ուր կիրառվել է կենսաթոշակային 5% պարտադիր վճարի համակարգը, հիմնականում եղել է կամավոր սկզբունքով, իսկ այն երկրներին, որոնց պարտադրել են, եղել են Հայաստանից շատ-շատ զարգացած երկրներ, ունեցել են ձախողում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները:
Նրանք շեշտել են, որ պայքարելու են կենսաթոշակային համակարգի դեմ, քանի որ երաշխիք չունեն, որ այդ գումարները հետ կստանան, նույնիսկ պատրաստ են գործադուլներ եւ հանրահավաքներ կազմակեպել:
Նախաձեռնության անդամներից Հայկ Ավետիսյանն ասաց, որ չկա մի մարդ, ով պատրաստ է այդ համակարգն ընդունել, աշխատողների մեծ մասը դեմ է դրան: Համակարգի կիրառման բացասական կողմն այն է, որ աշխատողները 12 ամսից մեկ ամսվա գումարը չես ստանալու, «մարդկանց աշխատավարձը կրճատվում է եւ անհայտ է, թե ինչպես են ստանալու այդ թոշակը»։ Նա հիշեց ԽՍՀՄ-ի օրինակը, երբ մարդիկ բանկերում մեծ քանակով գումարներ պահ դրեցին, սակայն հետո պարզվեց, որ ոչ գումարը կա, ոչ էլ որեւէ մեկը պատասխանատու է դրա համար։
Ասուլիսի մյուս բանախոսը՝ նախաձեռնության անդամներից Հարություն Ահլամազյանը շեշտեց, որ այս օրենքը հակասում է Սահմանադրության մի քանի կետերի։ Որպես օրինակ նա նշեց այն հանգամանքը, որ այս օրենքը թույլ չի տալիս մարդուն ազատ տնօրինել իր գումարները եւ այլն:
Հարություն Ահլամազյանի փոխանցմամբ՝ մոտ 25 կետ կա օրենքում, որոնք պետք է հաշվի առնեն ու քննարկեն։ «Մարդիկ դեմ են, որ իրենց թոշակի համար այսօր վատացնեն վիճակը։ Անտրամաբանական է, որ դու չես կարողանում քո տնտեսությունը զարգացնել եւ չես կարողանում թոշակ տալ, նման կերպ ես ուզում հարցը լուծել»,- ասաց ակտիվիստը։





























