ԵՄ-ում նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսը կարծում է, որ Վիլնյուսում ԵՄ-ն ասոցացման համաձայնագիր կստորագրի Ուկրաինայի հետ: Սակայն այդ որոշումը չի կայացվի նոյեմբերի 18-ին Բրյուսելում ԵՄ-ի արտգործնախարարների հանդիպման ընթացքում:

Ըստ Լինկյավիչյուսի` Կիեւի կողմից ասոցացման պայմանները կատարելու համար քիչ ժամանակ է մնացել, սակայն «այն դեռ կա», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հայտարարել է, որ Ուկրաինային հազիվ թե երկար ժամանակ հատկացնեն նոյեմբերի 18-ի հանդիպմանը: Նա լրագրողներին ասել է, որ համաձայնագրի ճակատագիրը կախված է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից:

Ուկրաինան մտադիր է ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրել  նոյեմբերի 28-29-ին` Վիլնյուսի «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ընթացքում, սակայն ներկայումս դեռ չեն կատարվել մի քանի պայմաններ, որոնցից մեկը նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատումն է: