Հայկական Քարահունջի տարիքի, գործառույթների եւ անվանման մասին միանշանակ կարծիք գոյություն չունի: Այս մասին նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսում հայտարարել է մաթեմատիկոս, կենսաբանական գիտությունների թեկնածու, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Վաչագան Վահրադյանը:
«Ինչ վերաբերում է անվանմանը, այստեղ կարեւոր դեր են խաղում մի քանի հանգամանքներ. առաջին հերթին` գիտական ճշմարտության բացահայտումը, երկրորդ` քաղաքական նշանակությունը, երրորդ` այլ վայրերում համանման կառույցներ գտնելը», - նշել է Վաչագան Վահրադյանը: Ըստ նրա` առաջին անվանումը եղել է «Գոշուն դաշ», այսինքն` «Քարերի շարք», որը տվել են Մելիք-Շահնազարյանը եւ Լալայանը: ««Գոշուն դաշ»-ի թարգմանված տարբերակը`«Զորաց քարեր» ճիշտ թարգմանություն չէ թուրքերենից, քանի որ բառացի թարգմանվում է քարերի շարք», - նշել է Ֆահրադյանը:
Աստղագետ Էմմա Պետրոսյանը, ըստ մասնագետի, ինտուիտիվ ներմուծել է «Քարահունջ» անվանումը, որը հետագայում հիմնավորել են մյուս գիտնականները: Ըստ նրա` մասնավորապես դա վերաբերում է Պարիս Հերունուն, որը միջազգային գիտարշավներ է կազմակերպել, եւ որի տվյալները կասկածի տեղիք չեն կարող տալ:
Ըստ Վաչագան Ֆահրադյանի` մեր հնագետները պնդում են, որ վաղնջական հայ քաղաքակրթություն չէ կարող լինել: Նա ընդգծել է, որ Հայաստանի հնագիտությունը ֆինանսավորվում է արտասահմանից, եւ հավանաբար, փորձ է արվում խեղաթյուրելու հայկական հուշարձանների պատմությունը: «Հայաստանն ինքը պետք է ֆինանսավորի հնագիտությունը», - եզրակացրել է նա:





























