Գյումրիի Ավստրիական «Մոր եւ մանկան» հիվանդանոցում որեւէ բողոք ալիք չկա բժիշկ-գինեկոլոգ 36-ամյա Վահագն Մադոյանի կալանավորման դեպքի առթիվ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված տեղեկություններին, թե բժշկի գործընկերները բողոքի ալիք են բարձրացրել:
Նա նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ միջադեպ է եղել բժշկի եւ ոստիկանների միջեւ, քննություն է ընթանում, որը կպարզի: «Գոնե ես՝ որպես հիվանդանոցի տնօրեն, որեւէ բողոքի ալիքից կամ ակցիայից տեղյակ չեմ, նման բան չկա, երեւի կռվել են, քննություն է գնում թեթեւ խուլիգանության համար կենցաղային հողի վրա, ով է ճիշտ, ով է սխալ, քննություն կլինի, կպարզեն»,-ասաց Աշոտ Կուրղինյանը:
Նա նշեց, որ ճանաչում է Վահագնին՝ որպես բժիշկ, նորմալ բժիշկ է, ամուսնացած չէ, երեխաներ չունի: Միջադեպից առաջ նա աշխատանքի է եղել, բայց ոչ հերթապահության:
»Հիվանդանոցը նորմալ ռեժիմով է աշխատում, եթե նախկինում հերթապահում էր 3 օրը մեկ, հիմա որ մեկը չկա, հերթապահում են 2 օրը մեկ»,- ասաց հիվանդանոցի տնօրենը:
Նշենք, որ Վահագն Մադոյանը հայտնի գինեկոլոգ Ֆուրման Մադոյանի որդին է: Նրա հայրը մի քանի անգամ դատվել է, առաջին անգամ նա դատվել էր երիտասարդ կնոջը մայրանալու հնարավորությունից զրկելու համար, իսկ երկրորդ անգամ նրա սխալ գործողությունների արդյունքում կինը մահացել էր: Առաջին քրեական գործի շրջանակներում նա տուգանվել էր նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով,իսկ երկրորդ անգամ դատապարտվել էր ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվել էր համաներում եւ ազատ էր արձակվել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի Ավստրիական «Մոր եւ մանկան» հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ 36-ամյա Վահագն Մադոյանին մոտ երկու շաբաթ առաջ կալանավորել են: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
ԳԱԼԱ-ի տեղեկություններով՝ բժիշկը ցանկացել է իրենց տան դիմացի փողոցից մեքենան բերել ու կայանել իր սեփական ավտոտնակում: Սակայն քաղաքացիական հագուստով անձինք նրան կանգնեցրել եւ ասել, թե խախտում է թույլ տվել: Այնուհետեւ պարզվել է, որ նրանք ոստիկաններ են, տեղի է ունեցել լեզվկառիվ, քաշքշուկ, որոշ տեղեկությունների համաձայն՝ ոստիկանները անգամ ծեծել են բժշկին:




























