Լոռու մարզի «Վալեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող պղնձամոլիբդենային հանքավայրի երրորդ հարկից ընկած բանվորը՝31-ամյա թեղուտցի Արման Ալիխանյանը այժմ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին նրա հարազատները:

Նրանց փոխանցմամբ՝ Արման Ալիխանյանի գիտակցությունն արդեն տեղն է, սակայն չի հիշում, թե իր հետ ինչ է եղել: Երիտասարդը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատել են կայուն, կյանքին վտանգ չի սպառնում: Հարազատները հայտնել են, որ առաջիկա օրերին նրան ողնաշարի վիրահատության կենթարկեն: Դեռ հայտնի չէ՝ Արման Ալիխանյանը կքայլի, թե ոչ: Հարազատները նաեւ փոխանցեցին, որ «Վալեքս» ընկերությունից այցելել են նրան եւ խոստացել են օգնել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզի Թեղուտ գյուղի տարածքում «Վալեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող պղնձամոլիբդենային հանքավայրի շինհրապարակում աշխատելիս նոյեմբերի 15-ի երեկոյան երրորդ հարկից սայթաքել, ընկել է 31-ամյա թեղուտցի Արման Ալիխանյանը։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Արման Ալիխանյանը ծանր վնասվածքներ է ստացել: Նա ամուսնացած է, ունի 2 տարեկան երեխա: