29-ամյա Վահե Հ.-ն, գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, գազային ատրճանակով սպառնացել է Արմեն Ս.-ին: Մասիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 29-ամյա Վահե Հ.-ն Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում, հորեղբոր` Արթուր Հ.-ին պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է Ա.Համբարձումյանին պատկանող օդաճնշիչ գազային ատրճանակը, զննել այն, որից հետո նկատելով իր հետ գումարային հարցի շուրջ անբարեհաճ փոխհարաբերությունների մեջ գտնվող Արմեն Ս.-ին, ատրճանակը պահել է վերջինիս վրա` նրա հասցեին տալով սպանության սպառնալիք:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 50-100պատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























