Սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրն իր համար պարզել է արդեն, թե որդու սպանությունը կատարողին, թե պատվիրատուին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը եւ ավելացրեց, որ դրանք խոսուն փաստեր են եւ ոչ-ոք հակառակը չի կարող ապացուցել:
«Ինչ վերաբերում է անուններին, ես միշտ էլ ասում եմ: Օրինակ, սպանության օրը 2 ժամ հետո բերել են Գրիգոր Իգիթյանին ու 4 տարի պնդեցին, թե նա է հանցագործը, բայց մեկ ուրիշ փաստաթղթով բառացիորեն գրված է, որ դեպքից հետո Իգիթյանը գնացել էլ Խարբերդ, հետո Սեւան: Այնտեղ թաքցրել է շորերը, մի շիշ օղի է խմել հետո եկել ու հայտնվել Ալիկ Սարգսյանի աշխատասենյակում: Հիմա հարց՝ հնարավո՞ր է արդյոք այդ ժամանակահատվածում այդքան տեղերում լինել: Կամ դեպքի ականատեսին հրավիրում են ճանաչման, բայց Իգիթյանին հրավիրում են Ալիկ Սարգսյանի աշխատասենյակ, բայց ճանաչում չեն անում»,- նշեց Գեւորգ Մհերյանի հայրը: Նա նաեւ ավելացրեց, որ քննչական խմբի հետ ամեն օր հանդիպում է:
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանն սպանվել է փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի (Կիեւյան կամրջի հարեւանությամբ գտնվող «Օլիմպիա» մոթելի դիմաց) 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել է ութ կրակոց, որոնցից հինգն են նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել է նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա հարեւանները մի քանի րոպե վախեցել են տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել է հանցագործության վայրից աննկատ հեռանալ: Պետրոս Մհերյանը ասել էր նաեւ, որ Գեւորգ Մհերյանին սպանած մարդասպանին սպանությունից րոպեներ առաջ տեսնող է եղել, սակայն նրա եւ կասկածյալի միջեւ առերեսում չեն կատարել: Ի դեպ, Պետրոս Մհերյանը փոխանցել էր, որ Գեւորգ Մհերյանը մեկ USB-կրիչ է ունեցել: Այնինչ` ոստիկանության փաստերով երեք USB-կրիչ է առկա: «Ես իմ տղայի ձեռքում մեկ ֆլեշկա եմ տեսել, որին շատ խնամքով էր վերաբերում եւ միշտ իր մոտ էր պահում: Դեպքից երկու օր առաջ էլ ասաց, որ նախագահին զեկուցելու շատ կարեւոր ինֆորմացիա ունի: Սպանությունից հետո էլ մի շարք պաշտոնյաներ ինձ ասացին, որ այդ ֆլեշկայի մեջ այնքան կարեւոր ինֆորմացիա կար, որ եթե Սերժ Սարգսյանին հասներ, մի շարք մարդկանց գլուխներ կթռնեին: Երբ ես սկսեցի ֆլեշկեն ման գալ, որոշ ժամանակ անց կանչում են հարսիս եւ ասում, թե սա այն ֆլեշկան է, որը հայրը ման է գալիս: Սակայն հիմա ոչ մեկը չկա: Բայց, ոչ միայն ֆլեշկեքը չկա, այլեւ ֆաքսը, եւ սպանության օրը Գեւորգի անցած ճանապարհների տեսաձայնագրություննեը: Վերացրել են, որ չտեսնենք, թե ինչ մեքենաներ են նրա հետեւից գնում: Իսկ ես լուրջ կասկածներ ունեմ, որ այդ տեսանյութերի մեջ կա այն մարդը, ում փորձում են կոծկել»,- մանրամասնել էր Պետրոս Մհերյանը:




























