Սանկտ Պետերբուրգի Կալինինի շրջանային դատարանը նոյեմբերի 18-ի երեկոյան որոշել է գրավի դիմաց ազատել Greenpeace-ի ռուսական մասնաճյուղի մամուլի քարտուղար Անդրեյ Ալլահվերդովին: Այս մասին հաղորդվում է կազմակերպության միկրոբլոգում:  

Ըստ «Ինտերֆաքսի»` գրավի գումարը կկազմի երկու միլիոն ռուբլի: Ալահվերդովն ազատ կարձակվի, երբ գրավը վճարվի:

Նույն վճիռն է կայացվել նաեւ լուսանկարիչ Դենիս Սինյակովի նկատմամբ, հայտնում է Greenpeace-ը Twitter-ի իր միկրոբլոգում:

Գրավի գումարը դարձյալ երկու միլիոն ռուբլի է: Լուսանկարչի փաստաբաններից մեկը «ՌԻԱ Նովոստիին» ասել է, որ «գրավը կվճարվի նոյեմբերի 19-ին»:

Նոյեմբերի 18-ին Պետերբուրգի դատարանը գրավի դիմաց ազատ էր արձակել այդ գործի եւս մեկ մասնակցի` դատաբժիշկ Եկատերինա Զասպային: Վճիռ էր կայացվել նաեւ Ավստրալիայի քաղաքացի Կոլին Ռասելի կալանքը երեք ամսով երկարացնելու վերաբերյալ:

 Greenpeace-ի ակտիվիստները սեպտեմբերի 18-ին փորձել էին Պեչորի ծովում բարձրանալ «Պրիրազլոմնայա» նավթային պլատֆորմի վրա` Արկտիկայում նավթի արդյունահանման դեմ բողոքելու նպատակով:  Հաջորդ օրը ռուս սահմանապահները Arctic Sunrise  նավի տախտակամած էին իջել ուղղաթիռից  եւ նավը տեղափոխել: Ակտիվիստներին ափ էին հասցրել եւ տեղավորել Մումանսկի եւ մոտակա քաղաքների մեկուսարաններում:  30 մարդ կալանավորվել էր: Սկզբում բոլորին մեղադրել էին ծովահենության մեջ, սակայն այնուհետեւ նրանց արարքը որակել էին որպես խուլիգանություն: Նոյեմբերի 12-ին նրանց տեղափոխել էին Սանկտ Պետերբուրգ: