Տորոնտոյի քաղաքային խորհուրդը ալկոհոլիզմի, թմրանյութերից կախվածության եւ ենթակաների նկատմամբ կոպիտ վարք դրսեւորելու համար քաղաքապետ Ռոբ Ֆորդին զրկել է բոլոր լիազորություններից:

Նրա գործառույթները կատարում է քաղաքապետի տեղակալը: Ֆորդին արգելել են աշխատանքից ազատել եւ նշանակել տեղակալներին ու գործադիր կոմիտեի անդամներին, հայտնում է rbc-ն:  AP-ը նշում է, որ Ռոբ Ֆորդը փաստորեն զրկվել է իրական իշխանությունից: «Այժմ նա միայն անունով է քաղաքապետ», - հայտարարել է քաղաքապետարանի ղեկավարության ներկայացուցիչներից մեկը, հաղորդում է «lenta.ru»-ն:

Քաղաքային խորհրդի նիստին ներկա Ֆորդը կատարվածն անվանել է «հեղաշրջում» եւ խոստացել «լայնամասշտաբ պատերազմ»` քաղաքապետի հաջորդ ընտրություններում:

Ֆորդը վիճել է քաղաքային խորհրդի անդամների հետ եւ հրել ներկա կանանցից մեկին: Ֆորդի համախոհները փորձել են տապալել նիստը, սակայն հեռացվել են անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ֆորդը Տորոնտոյի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրնում է 2010թ.-ից: 2013թ. գարնանը լրատվամիջոցներում հրապարակվել էր ոստիկանության հաշվետվությունը քաղաքապետի գործունեության մասին, որից հետեւում էր, որ Ֆորդը աշխատանքի վայրում անցկացրել է միայն օրական չորս ժամ,  ընդ որում` գրեթե միշտ հարբած: Տորոնտոյի քաղաքապետը նկատվել է   նաեւ  կոկային օգտագործելիս, հարբած վիճակում մեքենա վարելիս, այցելել է մարմնավաճառների  եւ ենթակաների հետ ագրեսիվ վարք է ցուցաբերել:

Քաղաքային խորհուրդը Ֆորդին կոչ է արել կամավոր հրաժարական տալ, սակայն վերջինս հրաժարվել է: Քաղխորհուրդը քաղաքապետին պաշտոնանկ անելու լիազորություն չունի, սակայն իրավունք ունի փոփոխել քաղաքապետի լիազորությունները, որն էլ արել է: