ԱՄՆ Ֆլորիդա նահանգում կրկին ձերբակալվել է պարեկային ծառայության աշխատակից Ջորջ Ցիմերմանը, որը դատարանի կողմից արդարացվել էր սեւամորթ դեռահասի սպանության մեղադրանքով:

Ափոփքա քաղաքի ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որից հետո ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Ցիմերմանին: Նրան մեղադրում են կենցաղային բռնություն գործադրելու մեջ: Նրան ձերբակալել են իր տանը, որտեղ ապրում է իր նոր ընկերուհու հետ, նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերին Ցիմերմանն արդեն մեկ անգամ հայտնվել է ոստիկանությունում՝ նմանատիպ իրավախախտման համար: Այն ժամանակ նրան ձերբակալել էին իր կնոջն ու նրա հորը ատրճանակով սպառնալու համար: Դրանից որոշ ժամանակ անց նրանք ամուսնալուծվել են:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ցիմերմանին մեղադրում էին նրանում, որ 2012-ի փետրվարին, պարեկային ծառայություն կատարելով Սենդֆորդի փողոցներում, հակամարտության մեջ է մտել մի սեւամորթ դեռահասի հետ, որը նրան կասկածելի է թվացել: Երիտասարդների միջեւ ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ դեռահասը գերազանցություն է ունեցել: Ցիմերմանը կրակել եւ տեղում սպանել է նրան:

Դատարանը որոշել էր, որ ոստիկանության կամավոր օգնականի գործողությունները համապատասխանում են Ֆլորիդա նահանգում ինքնապաշտպանության մասին օրենքին: Դատավճռից հետո ԱՄՆ-ում բողոքի ալիք էր բարձրացել. ցուցարարները պնդում էին, որ Ցիմերմանը անզեն դեռահասին հանցագործի տեղ է դրել միայն այն պատճառով, որ նա սեւամորթ է եղել: