Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն ուղղված է տարածաշրջանում խաղաղության ապահովմանը: Այս մասին նոյեմբերի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելուց Վիեննայում երկու նախագահների հանդիպումը:

Սահակյանի խոսքով՝ հանդիպման փաստն ինքնին կարելի է դրական գնահատել. «Դրական է արդեն այն փաստը, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է: Բացի այդ, մենք ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացում դրական շարժ ենք ակնկալում»:

Մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված ընդդիմադիր մի շարք գործիչների գաղափարները, որ Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացից, Սահակյանը նշել է, որ չի պատկերացնում, թե աշխարհում կա մի հայ, որը կցանկանար պատերազմի վերսկսում: «Մեզ պատերազմ պետք չէ, մենք պետք է խաղաղ ճանապարհ գտնենք ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա: Նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Վիեննայում տեղի կունենա Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: