Վիեննայում կայանալիք Սերժ Սարգսյանի եւ իլհամ Ալիեւի հանդիպումից առանձնապես մեծ ակնկալիքներ չունեմ, քանի որ դրանց համար ինչ-որ հիմքեր են պետք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, «ՀԱՊԿ-ն եւ անվտանգության ժամանակակից մարտահրավերները» միջազգային կոնֆերանսի շրջանակներում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
«Ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում պաշտպանության նոր նախարարի, կառավարության նոր անդամների, պատգամավորների եւ հենց Ադրբեջանի նախագահի վերջին ամիսների հայտարարությունները ոչ մի հույս չեն տալիս, որ իրենց մոտեցումներում ինչ-որ բան փոխվել է, որ նրանք դարձել են ավելի զիջող եւ իրատես»,-նշել է Հովհաննիսյանը:
Բարձր գնահատելով եւ ընդգծելով երկու նախագահների կայանալիք հանդիպման կարեւորությունը, «քանի որ նման հանդիպումները, ի վերջո, կիսաբաց են թողնում խաղաղության տանող դուռը», պատգամավորն ընդգծել է, որ այդուհանդերձ, կոնկրետ այդ հանդիպումից ինքը մեծ ակնկալիք չունի:
Նշենք, որ Վիեննայում կայանալու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:





























