Հայաստանում իր մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյումրիի քաղաքապետարանում չեն հաստատում լուրերն այն մասին, որ քաղաքը «փակ» է դառնալու:
«Առաջին անգամ եմ նման բան լսում»,- նշել է Գյումրիի քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով այն, թե Գյումրին կապված քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ, կարող է «փակ» դառնալ: Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում քաղաքի բարեկարգման համար, ուշադրություն է դարձվում փողոցների ասֆալտապատման խնդրին: «Գյումրին պետք է դառնա ավելի զարգացած մշակութային ու մարզական կենտրոն»,- ընդգծել է Զոհրաբ Եգանյանը:
Նշենք, որ «Հայկական ժամանակի» հրապարակման համաձայն՝ վերջին ժամանակներում Գյումրիուm ակտիվորեն շրջանառվում են լուրեր այն մասին, որ շուտով քաղաքը «փակ» է դառնալու: Այսինքն մուտքը քաղաք սահմանափակվելու է՝ միայն հատուկ անցաթղթերով: Հրապարակման համաձայն՝ հարցը պայմանավորված է քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայով:




























