Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի արդյունքում մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Քանկոր» բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը:
Վարդան Պետրոսյանն այժմ գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում, հայտնի չէ՝ երբ նրան կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց»: Դերասանն առայժմ հետազոտություններ է անցնում, որի արդյունքների մասին բժիշկը չցանկացավ տեղեկացնել:
Իսկ Վարդան Պետրոսյանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեեւ ոստիկանություն, դատախազություն ուղարկված իր միջնորդություններին պատասխանելու ժամկետը լրացել է, սակայն դեռ որեւէ պատասխան չի ստացել:
Նա նշեց, որ Վարդան Պետրոսյանի վթարի գործով ձեւավորվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել գործով քննիչ Հայկ Հակոբյանը, որի դեմ իրենք բազմաթիվ բողոքներ, նրան բացարկ հայտնելու միջնորդություններ են ներկայացրել:
Փաստաբանը պատմեց նաեւ քննիչի կողմից արված «վերջին հումորի մասին»: «Միջնորդությամբ դիմել էի, որ ինձ տրամադրեն փորձաքննութուն նշանակելու որոշումների պատճենները, որոնք տրամադրել են, այնուհետեւ ստանում եմ քննիչի որոշումը իմ այդ միջնորդությունը մերժելու մասին՝ պատճառաբանությամբ, թե արդեն դրանք ինձ տրամադրել է, բայց ես ընդամենը մի անգամ էի միջնորդություն ներկայացրել այդ խնդրով»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ արդեն ավարտում են վթարի մոդելավորման աշխատանքները եւ շուտով կկարողանան հանրությանը ներկայացնել, թե ինչ է կատարվել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, եւ գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոցում»: Նրան տեղափոխել են «Քանկոր» սիրտ-անոթային բժշկության կենտրոն, քանի որ խնդիրներ ուներ սրտի հետ կապված, որոնք այժմ ավելի են սրվել: Վարդան Պետրոսյանի խափանման միջոցի հարցը Վերաքննիչ դատարանում կքննվի նոյեմբերի 21-ին, ժամը 16.00-ին:




























