30-ամյա  Արթուր Չ.-ն խանդի հողի վրա, ծալովի դանակով դանակահարել է կնոջը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 30-ամյա  Արթուր Չ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խանդի հողի վրա վիճաբանել է կնոջ՝ Ա. Չ.-ի հետ, որի ընթացքում ծալովի դանակով մի քանի անգամ հարվածել է վերջինիս մարմնի տարբեր մասերին: Նա կնոջը պատճառել  է մարմնական վնասվածքներ՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող, որից հետո հեռացել է տնից:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112  հոդվածի  1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ`  3-7 տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատարանը գործը մակագրել է սեպտեմբերի 19-ին:Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: