Լքված շինության մեջ մահացած վիճակում հայտնաբերված 50-ամյա Նազիկ Դադուրյանի ամուսինը հաստատել է, որ մահացածն իր կինն է եւ, որ ամիսներ առաջ անհետ կորած էր: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից: Արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նրան հայտնաբերել են սենյակում նստած վիճակում: Նախնական վարկածով՝ նա սովից հյուծվել ու մահացել է: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Կինը ամիսներ առաջ պարտքերի պատճառով անհետ կորել էր եւ հարեւանության շրջանում տարածվել է, որ նա պարտքերի պատճառով փախել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու հետնամասում հայտնաբերվել է մոտ 50-ամյա կնոջ դիակ։ «Վերջինս Էջմիածին քաղաքի բնակիչ Նազիկ Դադուրյանն է, որի հարազատներն արդեն շուրջ երեք ամիս է՝ փնտրում էին նրան: Էջմիածնում ենթադրություններ կան, որ Նազիկը մեծ պարտքեր է ունեցել, ինչի համար էլ կամ սպանել են, կամ ինքնասպան է եղել։
Թերթի տեղեկություններով՝ դիակը հայտնաբերել են, այն բանից հետո, երբ տարածքում գարշահոտություն է տարածվել, ու որոշել են մաքրման աշխատանքներ կատարել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնել էին, որ կատարվում է քննություն»,- գրել էր «Ժողովուրդը»:




























