Վենեսուելայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է  երկրի նախագահին արտակարգ լիազորություններ տրամադրելու մասին օրինագիծը, որով նախագահ Նիկոլաս Մադուրոն հնարավորություն է ստանում օրենսդրական գործունեություն ծավալել, հայտնում են լատինամերիկյան հեռուստաալիքները։

Օրինագծին կողմ են քվեարկել  165 պատգամավորներից 99-ը։

Մադուրոն բազմիցս հայտարարել էր, որ հատուկ լիազորություններն իրեն անհրաժեշտ են  խանութներում բարձր գների, խարդախությունների եւ կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Ընդդիմությունն էլ պնդում էր, որ այդ օրենքն ընդունելով, իշխանությունները փորձում են թաքցնել տնտեսական խնդիրների իրական պատճառները եւ խախտում են  իշխանության բաշխման սկզբունքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Վերջին շաբաթներին Վենեսուելայի նախագահը իր ելույթներում բազմիցս անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությանը: Մեկ շաբաթ առաջ նա հրահանգել էր առգրավել եւ ցածր գներով վաճառել մանրածախ առեւտրի ցանցերից մեկի էլեկտրական-կենցաղային ապրանքները: Բացի դրանից, նա հայտարարել էր խարդախության եւ  բջջային հեռախոսների, մեքենաների եւ այլ կենցաղային իրերի վաճառքի բարձր գների դեմ պատերազմ սկսելու մասին: