Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Վիեննայում կայացած հանդիպումը: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսաքիի տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք գովասանքի խոսքեր ենք ուղղում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին այս առաջին քայլի կապակցությամբ եւ ոգեշնչված ենք այն հանգամանքով, որ նրանք համաձայնություն են ձեռք բերել գալիք մի քանի ամսվա ընթացքում կրկին հանդիպելու մասին»,- «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, նշել է Ջեն Փսաքին՝ ընդգծելով, որ Վիեննայում կայացած հանդիպումը եղել է երկու տարվա ընթացքում Սարգսյանի եւ Ալիեւի առաջին հանդիպումը:

«Այս գագաթաժողովը կարեւոր քայլ է երկխոսության վերսկսման ուղղությամբ, որը վկայում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու գործին երկու պետությունների  առաջնորդների երկուստեք հանձնառության մասին: Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգները, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ համատեղ, հորդորում է երկու նախագահներին ակտիվ աշխատել բոլոր կողմերին մեծ կորուստներ պատճառած հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ»,- նշել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը: