Հնարավոր է, որ Ազգային ժողովի 4 ոչ կոալիցիոն ուժերը արտահերթ նիստ հրավիրեն «Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին» օրինագիծը քննարկելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
«Չի բացառվում, որ արտահերթ նիստ հրավիրենք, բայց դեռ չի քննարկվել, ամեն ինչ կախված է նախաձեռնող խմբի ակտիվությունից: Հինգշաբթի օրը կայանալիք խմբակցության նիստին կքննարկենք այդ հարցը»,-ասաց ՀԱԿ-ական պատգամավորը:
Նա նշեց, որ պարզ է, որ իշխանությունը կձախողի արտահերթ նիստ հրավիրելու իրենց նախաձեռնությունը, որովհետեւ ամբողջ բյուջեն կառուցված է դրա վրա եւ ցանկանում են ամեն կերպ այն համալրել:
«Դա հերթական անգամ ցույց կտա, թե իրականում ինչ նպատակ են հետապնդում: Մեզնից ինչ կախված է, փորձում ենք անել, բայց գիտենք, թե ինչ կառավարության հետ գործ ունենք»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող ՀՀԿ խմբակցությունը տապալել է խորհրդարանի արտահերթ նիստը՝ կապված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով տեղափոխելու հետ:





























