Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Մարտիրոսյանը եզակի դաժան, ապօրինի եւ ոչ կոմպետենտ վերաբերմունք է ցուցաբերում քաղաքի երկարամյա ծառերի հանդեպ։ Այս օրերին Երեւանի բոլոր հատվածներից ահազանգեր են ստացվում Երեւանի բարդիների խոշտանգումների կամ անթույլատրելի էտումների մասին։ Այդ մասին ասվում է «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության հայտարարության մեջ:
«Վերջին տարիներին բազմաթիվ բուսաբանության մասնագետներ գրավոր եզրակացություններ են ներկայացրել, որ տարվա ցուրտ ժամանակ նման խորը էտումներ չի կարելի կատարել։ Ծառերը չեն հաղթահարում այդ դաժան միջամտությունը։
Վտանգված են 17 000 ծառեր։ Ըստ Երեւանի դենդրոլոգ Մաքսապետյանի, ծառերը էտվում են պարզապես հաշվի առնելով, որ դրանք չպետք է գերազանցեն 5 մետրը։ Այսինքն այն ամենը, ինչը Երեւանում 5 մետրից բարձր է աճում, ընկնում է քաղաքապետարանի էլեկտրական սղոցների բերանը։
Բացի այն, որ բնապահպանական վարչության «Կանաչապատում» ՓԲԸ չի տիրապետում տարրական մասնագիտական գիտելիքների, միջազգային փորձին եւ չի վերահսկում ծառերի հատումներն ու էտումները, այդ վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը պատասխանատվություն է կրում տարբեր բարձրահարկերի կառուցապատումների համար տրված ապօրինի հատումների թույլտվությունների համար։ Դրանցից են Նալբանդյան 106 բակը, Կոմիտաս 5ա, Կենտրոնի, Մալաթիա Սեբաստիայի, Դավիթաշենի եւ Ավանի մի քանի ծառածածկ գոտիներ։ Մինչեւ օրս պարզ չէ եւ քաղաքապետարանը օրենքին հակառակ հրաժարվում է ներկայացնել, թե հատկապես ինչի վրա են ծախսվում «Կանաչապատում» ՓԲԸ բյուջեով նախատեսված հանրային գումարները։
Ավետ Մարտիրոսյանի հրահանգով փաստացի խոշտանգվում են Երեւանի երկնասլաց բարդիները։ Դրան զուգահեռ շարունակվում է հովանավորվել ծառերի փչացումը շինաշխատանքների համար (oր․՝ սոսիների վնասումը քիմիական նյութերով եւ ծակելով)։
Ոչինչ չի մոռացվում եւ պարոն Ավետ Մարտիրոսյանը պատասխանատվություն է կրում Երեւանի ծառածածկ հատվածի բոլոր ապօրինությունների եւ Երեւան համայնքին հասցված վնասի համար»,- նշել են հայտարարության հեղինակները։






























