«Star» սուպերմարկետների ցանցը չի մեկնաբանում Երեւանի տարբեր հատվածներում, այդ թվում կենտրոնում, մի քանի սուպերմարկետների փակման փաստը: Ցանցի գործող խանութների թվի մասին տեղեկատվություն չհաջողվեց ստանալ ոչ ընկերության գրասենյակից, ոչ թեժ գծից, որն այժմ չի գործում:

Ընկերության էջում ցանցային տեղեկատուում նշված են միայն Երեւանում գործող «Star»-ի 4 խանութների հեռախոսահամարները, սակայն դրանցից երեքը չեն աշխատում (դրանցից մեկի դռան վրա գրված է «Կբացվի շուտով»), իսկ 4-րդում չեն պատասխանում հեռախոսազանգերին: Ցանցի որոշ խանութներ դեռ աշխատում են, սակայն ավելի քիչ տեսականիով, քան եղել է նախկինում:

Ավելի վաղ NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ընկերությունում հայտարարել էին, որ մատակարար ընկերությունների հետ բանակցություններ են վարվում՝ պարտքերի վերակազմակերպման նպատակով: