Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչին:

Կառավարությունից հայտնում են, թե զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքից եւ կարեւորել դրանց շարունակական խորացումը:

ՀՀ կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Բելառուսի վարչապետի հետ նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն են դառնում: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ բելառուսական գյուղտեխնիկայի տրամադրումը մեծ ոգեւորություն է առաջացրել հայաստանյան ֆերմերների մոտ, ովքեր հնարավորություն են ստացել ձեռք բերել մատչելի եւ որակյալ գյուղտեխնիկա:

Իր հերթին Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ գոհ է պայմանավորվածությունների արդյունքներից: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ:

Անդրադառնալով Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրատնտեսական կապերին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանից արտահանումը Բելառուս 2013 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 15 տոկոսով: Երկու երկրների վարչապետերը կարեւորել են առեւտրաշրջանառության ծավալների հետագա  ավելացումը եւ նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Միխայիլ Մյասնիկովիչը, ողջունելով Հայաստանի նախաձեռնությունը՝ անդամակցել ՄՄ-ին, հավաստիացրել է, որ բելառուսական կողմն աջակցում այդ գործընթացի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին:

Այսօր Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: