Ցանկացած բանակցային գործընթաց անգամ ամենահազվադեպ կրակոցներից լավ է: Այս մասին նոյեմբերի 20-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով Վիեննայում նոյեմբերի 19-ին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:
Ըստ պատգամավորի` պատահել է միայն այն, որ կրկին հանդիպել են նախագահները, որոնք չէին հանդիպել երկու տարի: «Կարծում եմ, որ հանդիպման ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել, եւ դրա ադյունքները պարզ կդառնան առաջիկա օրերին: Սակայն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում լուրջ առաջընթացի մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ միայն, երբ Լեռնային Ղարաբաղը հրավիրվի մասնակցելու բանակցություններին», - նշել է Թեւան Պողոսյանը:
Ի պատասխան Ղարաբաղի օդանավակայանի բացման մասին հարցին` նա նշել է, որ «մենք բոլորս պետք է աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի օդանավակայանը բացվի օր առաջ»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























